Իրանի խորհրդարանը ՄԱԳԱՏԷ-ից պահանջել է դադարեցնել երկրի միջուկային օբյեկտների ստուգումը՝ հայտնում է BBC-ն: Պահանջը ներկայացվել է երկրի գլխավոր միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո:
Իրանի խորհրդարանը կիրակի որոշում է կայացրել արագացնել ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները սահմանափակող օրինագծի ընդունումը: Այն պարունակում է նաև ուրանի հարստացման ծրագիրը շարունակելու և ընդլայնելու ծրագրեր: Մեկնաբանները նշում են, որ հենց այս ֆոնին էլ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստիպված կլինի բարելավել հարաբերություններն Իրանի հետ: ԱՄՆ նորընտիր նախագահը, ամենայն հավանականությամբ, կփորձի վերականգնել 2015 թ. պայմանագիրը Իրանի և վեց խոշոր պետությունների` ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև` պատժամիջոցների մեղմացման դիմաց միջուկային ծրագրերը զսպելու համար:
Չնայած դեռ ոչ ոք չի ստանձնել իրանցի միջուկային գծով ինժեների սպանության պատասխանատվությունը, Թեհրանը մեղադրում է իսրայելական հետախուզական ծառայություններին և սպառնում «հաշվարկված և վճռական պատասխանով»: