Պաշտոնեական կեղծիքի գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրհետապնդում չի իրականացվի․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն, որով Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարի, նշված հանձնաժողովի նախագահի հետ խնամիական կապի մեջ գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, այնինչ, վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին և համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան