ՌԴ խաղաղապահները ադրբեջանական գերությունից ազատել են 2 քաղաքացիական անձի. razm info

 Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական խաղաղապահ ուժերի թելեգրամյան ալիքից։

Նշվում է, որ ավելի վաղ Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։

Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել են Բաքու։

Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը։

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվել նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։

razm.info