Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:
Մեկ այլ հարցի պատասխանների համաձայն` քաղաքացիների 36,8%-ը կարծում է, որ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6%-ը կողմ է, որպեսզի դարձյալ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել: «37,8%-ը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 45,3%-ը նշել է, որ պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 16,9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,- ասաց Նավասարդյանը:
Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու 6 ամսվա ճանապարհային քարտեզին, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: «41,5%-ը նշել է, որ ծանոթ է այդ հրապարակմանը, 56,3%-ը նշել է, որ ծանոթ չէ, իսկ 2,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Արամ Նավասարդյանը:
Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 1000 քաղաքացի: