Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշեց Ջանոյանը: Նա հավելեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։