Կատարվողն անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ՝ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետին ներկայացրած հրաժարականի պահանջին:
«Պրոցեսները, որ կատարվում են, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է: Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն ու այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար՝ մեկ տարով, և չեն խոսում, օրինակ՝ ընտրությունների մասին:
Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը, սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ո՛ւմ կողմից է կազմակերպված էլիտաների հեղաշրջման փորձը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սիմոնյանը:
Նա պնդել է, որ իշխանության հարցը պետք է որոշի ՀՀ ժողովուրդը, նա միաժամանակ չի բացառել՝ ինչ-որ պահի կարող են երկրում արտահերթ ընտրություններ անցկացվել:
«Ես չեմ բացառում նման հանգուցալուծումը, երբ հասկանանք՝ բոլոր պրոցեսներն ավարտված են, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցը լուծված է, երբ մարդկանց հուզմունքը կվերածվի սառը դատողության»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ համոզված է՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, իշխող ուժը կրկին մեծամասնություն կկազմի:
Ըստ նրա՝ պետք է ժողովուրդը որոշի, ոչ թե կուսակցությունները, որոնցից միայն մեկին է վերջին խորհրդարանական ընտրություններում հաջողվել ԱԺ անցնել: