Զատուլինը քննադատել է Բաքվում անցկացված շքերթը

Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ի եթերում պատմել է, թե ինչու պետք չէ Ղարաբաղում Ադրբեջանի «հաղթանակը» համարել շահավետ արդյունք:

Եթերում Կոնստանտին Զատուլինն ասել է. «Բաքվի շքերթից պարզ է դառնում, թե իրականում ում դաշնակիցն է Ադրբեջանը: Այս միության փաստը հաստատվել է ավելի վաղ և իրեն շատ առումներով է արտահայտել: Բաքուն և Անկարան համակարգում են քաղաքականությունը Կովկասում և գործում են միասին: Մոսկվայում հայտարարություններ էին հնչում, որ Ադրբեջանը և Հայաստանը հավասարապես մոտ են Ռուսաստանին: Փաստորեն, երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների տարբերությունը, բայց քարոզիչները և մեկնաբանները միշտ չէ, որ դա հասկանում էին»,- ասել է նա:

Պատգամավորը բացատրել է նաև, թե ինչու չպետք է Ղարաբաղում պատերազմի արդյունքը համարել շահավետ Ադրբեջանի համար:

«Ադրբեջանը ոչ թե շահել է, այլ վիշապի ատամներ ցանել: Նա ահազանգեց Ռուսաստանին, իր նկատմամբ ատելության ալիք առաջացրեց Հայաստանի և նրան համակրող պետությունների կողմից: Զարմանալի չէ, որ բանաձևեր են ընդունվում Ֆրանսիայում և Նիդեռլանդներում: Այս «հաղթանակը» կարող է բումերանգի նման վերադառնալ Թուրքիային: Օրինակ՝ 1974 թվականից ի վեր այդ երկիրը գրավել է Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը քննադատեց ղարաբաղյան կարգավորման գործընթացը` երկար ժամանակ ձգձգելու համար: Իսկ որքա՞ն է ձգվում Կիպրոսի հարցը. 20 տարուց ավելի»,- հիշեցրել է Զատուլինը:

Պատգամավորը կարծում է, որ այսուհետև Ռուսաստանին անհրաժեշտ է ակտիվացնել իր քաղաքականությունը Կովկասում:

«Միայն Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չտվեց, որ Ադրբեջանի հարձակումը տարածվի Հայաստանի վրա: Չնայած կային առանձին դրվագներ, այդ թվում՝ խոցված ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: Այս ամենը թույլ է տալիս մեզ ասել, որ Ռուսաստանի խաղաղապահ գործողությունը այլընտրանք չունի, և Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդվի: Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց երկիր»,- ասել է խորհրդարանականը:

Զատուլինը նաև գնահատել է Ալիևի խոսքերը Հայաստանում պատմական ադրբեջանական հողերի մասին: «Ցանկացած վերլուծություն ցույց կտա, որ այն չթաքցված տարածքային պահանջ է: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն անհիմն կերպով յուրացնում է այս հողերի պատմությունը: Իրականում ադրբեջանցիների նախնիները այնտեղ են հայտնվել XII դարում, բայց հայկական պատմական հուշարձանները Ղարաբաղում ավելի վաղ էին: Այնուամենայնիվ, Բաքուն նրանց ալբանական է անվանում»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորը քննադատել է նաև Էրդողանի կոչը «Հայաստանին խելքի գալու» հարցում: «Սա Թուրքիայի ղեկավարի կողմից հերթական պարծենկոտություն է: Նա մտածված ահաբեկում է Հայաստանին և շոյում է իր էգոն: Ալիևը նույնն է անում: Նրանք ցուցադրաբար արհամարհում են իրենց հարևան ազգի զգացմունքները»,- ասել է նա:

Զատուլինը խոսել է այն մասին, թե արդյոք Մոսկվան պե՞տք է ավելի հստակ արտահայտի իր պաշտպանությունը Հայաստանին:

«Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ գործում է ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում: Այլ հարց է, որ այսօր մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի մասին: Մոսկվան պետք է հիշի իր պարտավորությունները ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ»,- եզրափակել է Զատուլինը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

1lurer.am