Հավանաբար նկատի ունենալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթեց:
Երբ Փաշինյանն ավարտեց ելույթը, Լուկաշենկոն՝ որպես նիստը վարող, նախ շնորհակալություն հայտնեց Փաշինյանին կառուցողական ելութի համար, ապա նկատեց. «Հատկապես Բելառուսը շատ լավ ծանոթ է, որ Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, ուստի թույլ տվեք մեր հանդիպման բոլոր մասնակիցների անունից ցանկանալ ձեզ հաջողություններ այդ ոչ հեշտ պայքարում, եւ մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այդ իրավիճակից, որը ստեղծվել է այսօր, հատկապես, որ միջազգային խնդիրներն էլ քիչ չեն, եւ դրան գումարած՝ նաեւ մեր հասարակությունների ներսում կան»:
Ինչ վերաբերում է Փաշինյանին, նրա ելույթը վերաբերում էր Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ՝ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման կարեւորությանը:
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունեն սկզբունքային կարեւորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են: Այդ պատճառով այսօր Հայաստանի քաղաքացիների համար արդիական է ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասաց Փաշինյանը:
armtimes.com