ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալը, թաքցնելով իր գլխարկում թմրամիջոց պահելու հանգամանքը, 2020թ. հոկտեմբերի 22-ին տաքսու վարորդի միջոցով փորձել է իր իրերի հետ միասին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ փոխադրել զգալի չափերով՝ 4,13 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հավաքել և ապօրինի պատրաստել էր մարտ-ապրիլ ամիսներին՝ նախքան ազատազրկման վայր տեղափոխվելը` իր անձնական օգտագործման համար: Սակայն նույն օրը՝ ժամը 15.45-ին, հիշյալ թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ երիտասարդի անձնական իրերը ռենտգեն սարքի միջոցով ստուգելու ժամանակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 24-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: