Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝ անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ:
«Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն են ցուցաբերել Արցախի կառավարությունը, ռուսական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բնակարան կորցրած մարտակերտցիներին ժամանակավորապես տեղավորել ենք կառավարության փոխհատուցման ծրագրով վարձակալված կացարաններում»,-մանրամասնեց շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով, Մարտակերտն այժմ 90 տոկոսով ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ ու գազամատակարարմամբ, իսկ համացանցն առայժմ հասանելի է որոշ հիմնարկ-ձեռնարկություններում:
«Ժամանակ առ ժամանակ էլեկտրամատակարարման անջատումներ ենք ունենում, սակայն Հայաստանից դեպի Արցախ եկող էլեկտրականության գծի միացումից հետո կկարգավորվի»,-մանրամասնեց Բախշիյանը:
Մարտակերտի վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ շրջանում գործում են գրեթե բոլոր դպրոցները՝ բացառությամբ մեկ կրթօջախի, որը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսի պատճառով:
Վան Նովիկով