Հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թվերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Այվազյանը:
Նախարարը նշել է, որ հայկական կողմն աշխատում է իր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովի գերիների անհապաղ վերադարձը:
«Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար»,- նշել է Արա Այվազյանը:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։