Գերիների տվյալների ճշտման աշխատանքները շարունակվում են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:
«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ», — ասաց Տիգրան Ավինյանը:
Խոսելով Խծաբերդից գերեվարված անձանց մասին՝ փոխվարչապետը նշեց, որ տվյալները ճշտվում են, և այդ նպատակով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է: Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում է մոտ ժամանակներս հանգուցալուծում», — ասաց Ավինյանը:
ԱՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 16-ին հայտնել է, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: