ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտամատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը և իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի ավտամատացված բանկային համակարգում գործողություններ կատարելու իրավասություններ, 2019թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, անմիջապես բանկի ավտամատացված համակարգից իր և Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: