ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ Կոնգրեսը հանգել է համաձայնության 900 միլիարդ դոլարի խթանիչ նոր փաթեթի ընդունման շուրջ՝ իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
«Մեր քաղաքացիները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ այս տոնական օրերին, և մենք նրանց միայնակ չենք թողնի»,- ասել է Մաքքոնելը:
Կոնգրեսը նպատակ ունի կորոնավիրուսային օգնության փաթեթում ներառել 1,4 տրիլիոն դոլարի ծախսերի օրինագիծ, որը նախատեսում է ֆինանսավորել կառավարության ծրագրերը մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը: Ըստ օրենսդիրների՝ կառավարության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել ֆինանսավորման ժամանակավոր երկարացման մասին որոշում, քանզի ժամկետը լրանում է կիրակի՝ կեսգիշերին:
Այս օրինագիծը ներառում է նաև դրույթներ՝ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», նշվում է, որ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները.
1. Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը:
2. Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում:
3. ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը:
4. Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում՝ մոտակա և միջնաժամկետ հեռանկարում:
Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց, անհրաժեշտության դեպքում, կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված: