ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով: «Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը»,-նշել են ոստիկանությունից:
Հակոբյանի քայլը ընդդիմությունը ներկայացրել է որպես իշխանությունների դեմ քայլ, նշվում է, թե նա միացել է ժողովրդին: Իսկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր քայլը պատճառաբանել է նրանով, որ ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները վտանգում են երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։ «Զինված ուժերում և ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության ընթացքում իմ միակ խնդիրը եղել և մնում է օրինականության հաստատումը, օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը պահպանելը։ Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին»,- նշել է Հակոբյանը: