Հարգելի էներգետիկներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։
Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն, ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, իսկ մյուսները շարունակեցին աշխատանքը թիկունքում, այդ թվում՝ նյութական աջակցություն ցուցաբերելով սահմանին գտնվող իրենց ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև համակարգի ընկերություններին տրամադրած ֆինանսական, տեխնիկական և նյութական օժանդակության համար։
Հարգելի գործընկերներ,
Չնայած առկա խոչընդոտներին՝ էներգետիկ ոլորտում շարունակվել են այն մեծածավալ ծրագրերն ու բարեփոխումները, որոնք նախանշված էին ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), իրականացվել են ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման աշխատանքեր, շարունակվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման, Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան- էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղված աշխատանքները, իրականացման փուլում են վերականգնվող էներգետիկայի բնագավառի զարգացման ուղղված նախագծերը, այդ թվում՝ Մասրիկ-1 և Այգ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբալոկի կառուցման աշխատանքները։
Առաջիկայում ևս շարունակվելու է ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։
Շարունակեք ամուր կանգնած մնալ ձեր «դիրքերում» և ապահովել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռբերումներ և քաջառողջություն։