«Արցախի դեմ պատերազմի արդյունքում շահել են ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները». «Ժամանակ»

 Ամերիկացի կոնգրեսականների պնդմամբ` առաջիկա ամիսների ընթացքում Ազգային հետախուզության կողմից նախապատրաստվելիք զեկույցում, նախ և առաջ, պետք է հստակորեն վեր հանվեն Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների` տարածաշրջանում ունեցած ռազմավարական շահերը։ Այդ հանգամանքը տալիս է հարցերի տեղիք՝ նկատի ունենալով այն, թե հատկապես ինչ է դիտարկվում դաշնակիցների ռազմավարական շահեր ասելով: Բանն այն է, որ ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, որոնք շահեր էին հետապնդում Արցախի դեմ պատերազմում, հենց այդ պատերազմը հրահրողները, սնուցողներն էին՝ Թուրքիա, Իսրայել: Վրաստանը, եթե դիտարկենք դաշնակիցների կատեգորիայում, ապահովում էր այդ սնուցումը: Այդպիսով, եթե ի մի բերենք իրավիճակը, ապա պետք է արձանագրենք, որ Արցախի դեմ պատերազմի արդյունքում շահել են ԱՄՆ ֆորմալ դաշնակիցները, կամ ավելի ստույգ՝ նրանցից մեկը եղել է պատերազմողն ու, ըստ էության, հաղթողը, իսկ մյուսը՝ պատերազմ սնուցողը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին, ապա Նահանգները մեկը դիտարկում են թուրքական արբանյակի դերում, մյուսը՝ ռուսական: Ցավալիորեն, սա մի իրականություն է, որը գոյություն ունի արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, և որը Հայաստանում չի արժանացել բավարար ուշադրության: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային ազդեցությամբ թիվ մեկ գերտերությանը և նրա ռեգիոնալ ռազմավարությանը, ըստ այդմ՝ դրանից բխող հնարավորություններին կամ ռիսկերին: Ասել, թե Հայաստանն ընդհանրապես չի դիտարկել այդ հանգամանքները, կլինի սխալ: Դրանք դիտարկվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության, թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության, թե՛ անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկուսուկես տարիների ընթացքում, արվել են որոշակի քայլեր, որոնք, սակայն, խիստ անբավարար են եղել ռազմավարական ազդեցություն թողնելու տեսանկյունից, արժանանալով Ռուսաստանի հակազդեցությանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի ժամանակաշրջանին, ապա այստեղ, թերևս, իր դերը կարող էր ունենալ նաև ժամանակի սղության գործոնը, թեև, անշուշտ, առանցքային նշանակություն են ունեցել նաև տնտեսական հարցերի առնչվող որոշումներ, որոնց կայացումը կարող էր ունենալ ռազմա-քաղաքական էական նշանակություն Հայաստանի անվտանգային հեռանկարների համար: