Ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Hyundai Accord-ը․ կան վիրավորներ․

Այսօր, դեկտեմբերի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող Hyundai Accord ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Քաղաքացիները նշում էին, որ օպերատիվ են գործել «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ Hyundai-ն պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ վթարի պատճառը ճանապարհի մերակասառույցն է։ Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com