Այսօր, դեկտեմբերի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի վարչական տարածքում բախվել են DAF մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Լոռու Ճանշինը, ով պատասխանատու է նշված ճանապարհահատվածի սպասարկման համար, ոչ մի աշխատանքներ չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ Ու եթե մի քիչ սրտացավություն ունենային, ապա նման վիճակ չէր լինի։ Իսկ ճանապարհային ոստիկաններն էլ ողջ գիշեր, սառնամանիքի պայմաններում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի վարորդները երթևեկեն անվտանգ։ Մի պահ, նույնիսկ, ճանապարհային ոստիկանները, ասես, դարձած լինեին գիդ ու վարորդներին զգուշացնում էին, որ ճանապարհը պատված է մերկասառույցով։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ հրապարակմանը օպերատիվորեն կարձագանքի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որպեսզի նման բարձիթողի վիճակը վերանա, մանավանդ՝ իր ծննդավայր Լոռու մարզում։
Լուսանկարը` Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com