Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում՝ ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում:
Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին: Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում եւ փոխվում է ճանապարհի վերին շերտը:
Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները եւ վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթեւեկության կանոնները:
auroranews.am