ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց առավոտյան մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած ծեծկռտուքից` նշելով, որ այն ծագել է այն բանից հետո, երբ հայհոյել են իրեն, հարվածել իր մեքենային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբրիելյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական-խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերևից կգա, որպեսզի միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային ու տեսանյութում էլ երևում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են»,- ասաց Գաբրիելյանը:
Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ընկած քաղաքացուն՝ պատգամավորը նշեց, որ տեսանյութը ոչ ամբողջական է ու այդ հատվածի սկիզբը ներկայացված չէ:
«Այնտեղ կա մի հատված, որտեղից երևում է, որ քաղաքացի է գետնին ընկած ու ես իրեն հարվածում եմ: Այդ քաղաքացին մոտեցավ ինձ, բռնել էր պիջակիցս, հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել էին Ազգային ժողովի նախագահին, իմ արձագանքն այն էր, որ պետք է ինքնապաշտպանվեմ: Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա: Իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ պատասխանել եմ»,- նշեց պատգամավորը:
Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան: