Երեք համեղ և օգտակար թեյ, որոնք կօգնեն պայքարել ավելորդ կիլորգրամների դեմ

 Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում շատ տարածված խնդիր է, որը զգալիորեն բարձրացնում է մի շարք լուրջ առողջական խնդիրների, այդ թվում նաև շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և անգամ օնկոլոգիական ախտաբանությունների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ կարգավորել կազմվածքը ու նվազեցնել քաշը, մինչդեռ խնդիրն այն է, որ ավելորդ կիլոգրամներից ոչ բոլորին է հաջողվում հեշտությամբ ազատվել։

Քաշի նվազեցումը շատերի մոտ ասոցացվում է չափազանց խիստ սննդակարգերի և ինտենսիվ մարզումների հետ, սակայն մասնագետները վստահ են, որ իրականում հիանալի արդյունքի կարելի է հասնել նաև առանց շատ մեծ ջանքեր գործադրելու, քանի որ կենսակերպում որոշ փոփխություններ անելը ևս կարող է շատ արդյունավետ լինել:

Նման փոփոխություններից մեկը կարող է լինել ամենօրյա սննդակարգում որոշակի ըմպելիքների ներառումն ու որոշների բացառումը, ինչը կօգնի արագացնել ճարպերի այրման գործընթացը: Ավելորդ քաշի դեմ պայքարն իրականում կարող է բավական երկարատև ու հոգնեցնող լինել, սակայն այս մեթոդի կիրառումը կօգնի զգալիորեն արագացնել այն: Առաջին հերթին հարկավոր է բացառել սննդակարգից բոլոր տեսակի քաղցր հյութերն ու գազավորված ըմպելիքները՝ փոխարենը դրանք փոխարինելով թեյի որոշ տեսակներով:

Կանաչ թեյ

Կանաչ թեյն աշխարհում ամենատարածված ու օգտակար ըմպելիքներից մեկն է, որը նաև անչափ արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարում: 2008 թվականին ճարպակալում ունեցող մարդկանց մասնակցությամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար կանաչ թեյ օգտագործող մասնակիցները 3,5 կգ ավել ավելորդ քաշ էին կորցրել, քան այն մասնակիցները, որոնք այս ըմպելիքը չէին օգտագործում: Նման ազդեցությունը պայմանավորված է թեյի մեջ պարունակվող կատեխիններով՝ յուրահատուկ հակաօքսիդանտներով, որոնք արագացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը՝ օգնելով ավելի արագ տարրալուծել ճարպն ու ազատվել ավելորդ քաշից:

Բացի այդ, կանաչ թեյի մեջ պարունակվում է նաև զգալի քանակությամբ կոֆեին, իսկ 2011 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի ու կատեխինների համադրությունը հատկապես օգտակար է ճարպի տարրալուծման ու ավելորդ կալորիաների այրման համար:

Կաթնային ուլուն

Հետազոտությունները ցույց են տվել, որ չինական այս տարածված ըմպելիքի մեջ պարունակվող պոլիֆենոլները կարող են արագացնել նյութափոխանակությունն ու դրա շնորհիվ նվազեցնել քաշը: Բանն այն է, որ պոլիֆենոլներն օգնում են օրգանիզմին օգտագործել կուտակված ճարպն էներգիա ստանալուի համար, ինչի շնորհիվ էլ քաշն աստիճանաբար նվազում է:

2009 թվականին ավելորդ քաշ ունեցող չինացի կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք օրական չորս բաժակ կաթնային ուլուն են օգտագործում ընդամենը վեց շաբաթում հավելյալ մեկ կիլոգրամ քաշ են կորցնում, ինչը նշանակում է, որ այս ըմպելիքը կարող է հիանալի օգնական դառնալ ավելորդ քաշի դեմ պայքարում:

Խատուտիկով թեյ

2008 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այս օգտակար բույսը կարող է գործել որպես լիպազի ինհիբիտոր՝ նվազեցնելով աղեստամոքսային տրակտում ճարպերի կլանումն ու այդ կերպ կանխելով քաշի ացվելացումը: Նման հատկությունների շնորհիվ խատուտիկը համարվում է քաշը նվազեցնող լավագույն բնական միջոցներից մեկը, ուստի խատուտիկով թեյ խմելը կարող է շատ արդյունավետ հավելյալ միջոց լինել ավելորդ քաշի դեմ պայքարում:

Բացի այդ, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ խատուտիկն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, ինչը նույնպես նպաստում է քաշի նվազմանը:

 

showbiz.am