Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարությունը հունական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել։
Հայտնի հունական «Liberal» թերթը թեմայի վերաբերյալ իր հրապարակած վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի անզիջում դիրքորոշմանը։
Նիկոս Մելետիսի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում արտահայտվել են հունական կողմի մտահոգություններն ու անվստահությունը Չավուշօղլուի հրավերի առթիվ։
Հոդվածի համաձայն՝ Թուրքիան համառորեն ձգտում է իրականություն դարձնել իր բոլոր նկրտումները՝ մասնավորապես կապված արևելյան Միջերկրածովում հույն–թուրքական տարաձայնությունների հետ։ «Թուրքիան ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ առանց որևէ բան տալու», — ասված է թերթում։
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնակոչ հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել էր, որ Կիպրոսի խնդիրը կարևոր շրջադարձային կետում է։
«Հունաստանին հրավիրում ենք բանակցությունների, որոնցից առաջինը կարող ենք կազմակերպել անմիջապես հունվարի ընթացքում։ Որպես ինքնավստահ պետություն՝ պատրաստ ենք հանդիպել։ Սա հրավեր է, հուսով ենք՝ Հունաստանն այս հնարավորությունը չի մերժի», — նշել էր Չավուշօղլուն։
Հայտնի է, որ Աթենքը ընդունել է Թուրքիայի հրավերը և հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։
ermenihaber.am