Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի ) և Ջրականի (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,-նշեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները:
«Յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում՝ հաջորդ օրվա անելիքը»,-մանրամասնեց պատասխանատուն: