SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Ս․Հ․-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքերը, այս անգամ ահազանգ է ստացվում «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «սրտի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 40-ամյա Ռոման Ա․-ն է։ Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Նոր Նորքի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պազել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, իրենց տանը Ռոման Ա․-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս․Հ․-ին, որից հետո հարվածել է իրեն։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: