Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի մայրը` Սեդա Արոնովան, անդրադարձել է սոցցանցերում վերջին շրջանում քննարկվող թեմային, ըստ որի, իբր, Արոնյանը որոշել է հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո: Արոնովան նշել է, որ Լևոնը մեծ վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում: Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, իսկ թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, շախմատիստի մայրը դեռևս չի բացահայտել: Սոցցանցային քննարկումներին իր արձագանքում Արոնովան նշել է.
«Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված: Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույլտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը: Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:
Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:
Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է հիմնադրամին»:
Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել համահայկական հիմնադրամին:
«Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:
Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:
Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:
Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը:
Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:
Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավելի վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:
Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:
Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:
Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սեդա Արոնովան:
Վերջինս նաև հիշեցրել է Արոնյանի նվաճումները ոչ միայն հավաքականի կազմում, այլ նաև անհատական բացառիկ ձեռքբերումները:
Արոնյանը մինչ այս չի արձագանքել լուրերին:
Լուսանկարը` Chess-news-ի