Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլերն են անում:
10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 7-ին Թուրքիա է մեկնել:
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
Նշենք, որ տևական ընդմիջումից հետո իսրայելական բեռնափոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա էր մեկնել 2020թ. մայիսին:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական ավիափոխադրումները դադարեցվել էին 2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով:
Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը) հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել: