Ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթն ընդարձակ անդրադարձ է կատարել Ֆրանսիայում Թուրքիայի ազդեցության լծակներին՝ թեման լուսաբանելով փետրվարի 6-ի համարի առաջին 10 էջերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրող Մոհամեդ Սիֆաուիին կարողացել է ծանոթանալ՝ ֆրանսիական ներքին գործերի նախարարության հակահետախուզության ծառայության (Direction générale de la Sécurité intérieure, DGSI), արտաքին անվտանգության հետախուզական ծառայության (Direction générale de la Sécurité extérieure, DGSE) և ոստիկանության հետախուզական վարչության (Direction du renseignement de la préfecture de police, DRPP) կողմից հոկտեմբերի վերջին պատրաստված մի շարք փաստաթղթերի, որոնք ներկայացվել են Ելիսեյան պալատի ուշադրությանը։
Ըստ ֆրանսիական հատուկ ծառայությունների՝ Անկարան կարողանում է օգտագործել թուրքական համայնքի վրա լծակները շուրջ 650 կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն են ծավալում ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։ Ունենալով երկարաժամկետ տեսլական՝ թուրքական կառավարությունը ներդրում է կատարում կրթական համակարգում՝ նպատակ ունենալով կրթել երեխաներին թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության սկզբունքների հիման վրա, օգտագործելով Maarif կազմակերպությունը։ Մեկ այլ կազմակերպություն՝ Union internationale des démocrates (UID) անվամբ՝ զբաղվում է պրո-էրդողանական լոբբիով, նպատակ ունենալով բարելավել թուրքական ռեժիմի ընկալումը Ֆրանսիայում։ Իդեոլոգիական քարոզչությանը գումարվում է քաղաքական իսլամի տարածումը երկու կազմակերպությունների՝ Comité de coordination des musulmans turcs de France (CCMTF) և Millî Görüş միջոցով, որոնք նպատակ ունեն ազդեցություն ունենալ Ֆրանսիայի իսլամական պաշտոնական օղակների վրա։ Վերջապես, թուրքական իշխանությունները փորձում են խառնվել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին մեկ այլ կազմակերպության՝ Yurtdisi Türkler (YTB)-ի միջոցով, որը նպատակ ունի ստեղծել «թուրքական քվե»։ Այսպիսով, թերթը գրում է, որ Թուրքիան «տրոյական ձիեր» է նախապատրաստում Ֆրանսիայում Էրդողանի ռեժիմի համար։
Թերթը գրում է, որ թուրքական հետաքրքրությունների ոլորտում Ֆրանսիայում երեք հիմնական թեմա կա՝ Հայոց ցեղասպանությունը, քրդական հարցը, ինչպես նաև Էրդողանի անձի խնդիրը։ Այս խնդիրների իրականացման համար կարևոր դեր է խաղացել Conseil pour la justice, l’égalité et la paix (Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդ, COJEP) կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստրասբուրգում։ Պաշտոնապես կազմակերպության նպատակն է «մարդու իրավունքների պաշտպանությունը», ինչպես նաև «ռասիզմի և խտրականության դեմ պայքարը»։ Ֆրանսիայում «գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո COJEP-ը ակտիվացրել է իր գործունեությունը։ Նրա նախկին փոխնախագահներից մեկը՝ Վեյսել Ֆիլիզը (Veysel Filiz), նախկինում ձերբակալվել է Թուրքիայի և Բուլղարիայի սահմանին մոտ 100 կգ հերոին տեղափոխելու մեղադրանքով։ COJEP-ը մշտապես աչքի է ընկել պրոպագանդիստական գործունեությամբ։
Մասնավորապես 2018թ․ ապրիլի 14-ին Դրյո քաղաքում այն կազմակերպել է «Պատմական անդրադարձ Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած իրադարձություններին» վերտառությամբ կոնֆերանս, որը վարել են Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքորոշմամբ աչքի ընկած Աբդելազիզ Շաամբին և Իվ Բենարը։ Կոնֆերանսի թուրքական պաստառի վրա թուրքերենով գրված է եղել․ «Հայոց ցեղասպանություն չի եղել»։ 2019-ի փետրվարին COJEP-ը հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ Հայոց ցեղասպանության օրը ֆրանսիական պաշտոնական օրացույցում ներառելու որոշումը։ Ինչ վերաբերում է գորշ գայլերին, ապա չնայած նրանց գործունեության արգելմանը, այն շարունակվում է գործել, հատկապես վիրտուալ կերպով հավաքներ իրականացնելով Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Թուրքական գործունեությունը Ֆրանսիայում հիմնականում կենտրոնացված է Ստրասբուրգում, որտեղ բնակվում են Ֆրանսիայում ապրող 650 000 թուրքերից շուրջ 30 հազարը։
Թերթում տպագրվել է նաև պատմաբան Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոյի հարցազրույցը, ով նշել է, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան ագրեսիա է կիրառում Սիրիայի և Իրաքի նկատմամբ, ներխուժում Լիբիա, սիրախաղ անում Ռուսաստանի հետ, գործիքավորում Իսլամական պետությունը, խառնվում Հունաստանի գործերին, զինում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, իսկ այժմ ցանկանում է ազդեցություն ունենալ Գերմանիայի և Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի վրա։ Ի տարբերություն Գերմանիայի, որը չի համարձակվում հակադարձել, Ֆրանսիայում Թուրքիան հանդիպում է դիմադրության։