Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև: Քաղաքացիները իրենց հետ բերել են նաև մանկահասակ երեխաների:
Զինծառայողների հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարազատի մասին տեղեկություն չունեն, իրենք հանդիպումներ են ունենում, սակայն դրանք արդյունք չեն տվել՝ ՊՆ-ից իրենց ասել են՝ աշխատանքներ են տարվում:
«Փոքրիկներն իրենց հայրիկներին են պահանջում»,- ասաց ցուցարարներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց ցույցը իշխանությունների դեմ չէ, իրենք չեն ցանկանում խոսել քաղաքականությունից, այլ ցանկանում են լուր իմանալ իրենց հարազատների մասին:
«Մեզ հետաքրքիր է մեր երեխաների հարցը»,- ասացին անհետ կորած զինծառայողների հարազատները:
Նրանք պահանջում են հրապարակել գերիների ու անհետ կորածների ցուցակները, իրենց հնարավորություն տալ շարունակել որոնողական աշխատանքները:
Նրանք նաև պահանջեցին բոլոր լրատվամիջոցներից պատերազմի մասին հարցազրույցներ կամ այլ հրապարակումներ դեռ չանել , որովհետև դա վնասում է գերիների վերադարձման գործընթացին։