ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության առնչությամբ
Այսօր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցվել են մտահոգություններ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:
Նախևառաջ կուզենայինք շեշտել, որ բարձր ենք գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը մշտապես միտված է եղել համահայկական օրակարգի առաջմղմանը։
Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ: