Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի արևմտյան արվարձաններում: Այնտեղ ուժեղ պայթյուններ են լսվել:
Ըստ գործակալության՝ հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից և Գալիլեայից:
Իսրայելցի զինվորականները, որոնք բազմիցս կրակել են Սիրիայի տարածքի ուղղությամբ, բացատրել են, որ հարձակումներով փորձում են կանխել ժամանակակից զենքը թշնամիների ձեռքն անցնելու հնարավորությունը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցն է և վերահսկվում է Թեհրանի կողմից:
Սիրիայի ղեկավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բազմիցս պահանջել է ճնշում գործադրել Իսրայելի վրա` հանրապետության տարածքում հարձակումը դադարեցնելու համար, քանի որ նման գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը և հանգեցնում լարվածության աճին տարածաշրջանում: