Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները:
— Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:
— Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում: Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:
— Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր, որ, մասնավորապես, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում առկա է դպրոցի և մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման խնդիր: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:
— Յուրաքանչյուր գյուղում, որտեղով անցնում է ներկայիս սահմանը, նման խնդիրներ ծագում են: Մեր գործունեությամբ ամեն ինչ պիտի անենք՝ ցույց տալու համար, որ սա մեր երկիրն է: Շատ արագ ու տեսանելի պետք է ցույց տանք, որ Արցախում մենք ենք տերը:
— Արցախի վերահսկողության ներքո գտնվող բոլո՞ր բնակավայրերի կրթօջախներում է վերականգնվել ուսումնական գործընթացը:
— Բացառությամբ Ասկերանի Սզնեք, Քաշաթաղի Սուս և Շուշիի Հին շեն համայնքների, որտեղ աշակերտները դեռ չեն վերադարձել, Արցախում վերականգնված է բոլոր դպրոցների գործունեությունը: Ներկայումս աշակերտների թիվն ընդհանուր առմամբ 18 հազար 613 է, նախկին՝ ավելի քան 23 հազար 900-ի փոխարեն: Մոտ 5800 արցախցի աշակերտներ ուսումը շարունակում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում:
— Որքանո՞վ է հաջողվել աշխատանքով ապահովել իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:
— Նախարարությունում հաշվառված են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերից տեղահանված ավելի քան 280 ուսուցիչներ: Նրանցից 58-ին հաջողվել է ապահովել մասնագիտական աշխատանքով: Առաջիկայում նախատեսում ենք երկարօրյա կրթության և կրթօջախների տաք սննդի ապահովման ծրագիր, որի շրջանակում դասապատրաստման գործընթացում ընդգրկելու ենք բացառապես իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին: Բացի այդ, մենք նաև դիմելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ուսուցիչներին հնարավորություն ընձեռեն մասնակցելու թափուր աշխատատեղերի մրցույթներին:
Վան Նովիկով