ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում նշել է, որ «նախօրեին որոշ «լրատվականներ», հավատարիմ մնալով իրենց՝ իրականությունից կտրված, սուտ տեղեկատվություններ տարածելու սկզբունքներին», «Ազատություն» ռադիոկայանին «Կիրակնօրյա վերլուծականին» տված իր հարցազրույցից առանձնացրել են կոնտեքստից դուրս տողեր և աղճատված ներկայացրել հանրությանը։
Մենք արդեն երկու անգամ՝ 1999 թ․հոկտեմբերի 27-ին և 2020 թ․ նոյեմբերի 10-ին, ականատես ենք եղել ռոմանտիկների կողմից «կայծակնային» արագությամբ պետական պահպանության տակ գտնվող շենքերի գրավմանը և դրա հետևանքներին, ուստի ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների և դրանք իրականացնողների նկատմամբ, հատկապես հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում։
Մեր իրավապահ համակարգը գիտակցում է, որ նմանօրինակ հայտարարությունները մեր պետության անվտանգության համար լուրջ սպառնալիքներ են պարունակում, և քայլեր կնախաձեռնի դրանք «կայծակնային» արագությամբ կանխելու ուղղությամբ։
Հավանաբար, այս հայտարարությունների պատճառն այն է, որ պատերազմից հետո որոշ քաղաքացիների մոտ հաշվառումից դուրս զենքեր են մնացել, այս հարցը ևս պետք է հնարավորինս արագ իրավական առումով լուծում ստանա՝ զենքի անօրինական կիրառումը բացառելու նպատակով։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հարցազրույցի ընթացքում իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ: Իսկ իրենց քաղաքական նպատակները որպես ժողովրդի պահանջ մեկնաբանելը ինձ համար առնվազն անթույլատրելի է:
Այս պահին ժողովրդի համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի և ներքին անվտանգության պահպանումն է»,- գրել է Անդրանիկ Քոչարյանը: