Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.
«ՀՀ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ պարզաբանում:
Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:
Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:
2020թ.-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:
Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:
Դիմում-բողոքներից բացի՝ քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների ու հարցերի մասին հայտնում են նաև անմիջապես Դատախազություն այցելելով: 2020թ.-ին Դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 28 ընդունելություն,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների մոտ՝ 10, վարչությունների դատախազների մոտ՝ 155, Երևանի ու վարչական շրջանների դատախազություններում՝ 264, մարզերի դատախազություններում՝ 692 ընդունելություն:
Զինդատախազությունում 196 այցելություն է կազմակերպվել, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 33 ընդունելություն:
Քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների հարցերով համակարգող ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը փաստում է, որ Դատախազությունում կազմակերպված ընդունելությունների արդյունքում առանձին դեպքերում նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցվել են վարույթներ:
Մասնավորապես, քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանությունը քրեադատավարական կարգով նյութեր է նախապատրաստել, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդ կապակցությամբ քաղաքացուց ստացվել է բողոք, կազմակերպվել է վերջինիս ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ: ՀՀ դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով նաև ընդունելության արդյունքները, նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ, և գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: