Վարչապետը կստեղծի ԶՈՒ-ի բարեփոխումների աշխատանքային խումբ. գործակցությունը ՌԴ-ի հետ կխորանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի «Ճանապարհային քարտեզ»-ի ժամանակացույցի ձևավորումը:

Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի 8-րդ կետի ձևակերպումը հետևյալն է՝ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ: Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել և ըստ էության, ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես ու ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի Զինված ուժերի բարեփոխումը:

Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում՝ աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի «Ճանապարհային քարտեզ»-ի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ:

Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզ»-ի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք ու գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,- ասաց վարչապետը: