ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։
«Արմենպրես»-ը ներկայացնում է ԳՇ հայտարարությունը, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,-նշված է հայտարարության մեջ։
Փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: