Երբ կսկսեն ճանապարհաշինությունը՝ հայտնի չէ, բայց հստակ է ճանապարհի սկիզբն ու վերջը․ նոր ճանապարհը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները, կբեռնաթափի Երևանի կենտրոնը, կնվազեցնի խցանումները։ Այս ծրագիրը մեկնարկել է 2015-ից՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ, «Քաղաքային կայուն զարգացում Տրանշ 2» վարկային համաձայնագրով։ Դրա շրջանակում «Երևաննախագիծ» ՓԲԸ–ն ճանապարհի կառուցման նախագիծ էր մշակել։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այսօրվա ծրագրի հիմքում հենց 2015-ին մշակված նախագիծն է, բայց այն անպայման կվերանայվի ու կփոփոխվի։
«Սա շատ կարևոր ծրագիր է մեր քաղաքի զարգացման համար, քանի որ ճանապարհ է բացում արևմուտքից արևելք՝ Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա։ Բացի այդ, ճանապարահատվածը քաղաքաշինական, տրանսպորտային խնդիր լուծելուց զատ, նաև տնտեսական ազդեցություն կունենա, որովհետև ճանապարհի մերձակա հատվածները ևս կզարգանան»,– ասում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Լենինգրադյան փողոց–Իսակովի պողոտա– Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու հատակագիծ՝ ըստ 2015թ․ նախագծի