ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:
Օրենքի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։
Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝
Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը: