Չարենցավանի հաստոցաշինական գործարանի որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:
«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար: