Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կիսանախագահական կառավարմանն անցում կատարելու վերաբերյալ երեկվա հայտարարությանը:

«Վերջին անգամ եթե չեմ սխալվում դեկտեմբերի 30-ին հարցազրույց եմ տվել, որտեղ միտք եմ արտահայտել, որ գնալով սկսում եմ համոզվել, որ կիսանախագահական համակարգը ավելի ճիշտ էր, որովհետև այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի, մենք անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ: Եվ, ըստ էության, եթե լինի իմ պատկերացրած ուժեղ պառլամենտը և կիսանախագահական համակարգը, որը  ժողովրդի կողմից տրված առաջնային մանդատ ունի, ես չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել»:

Մարուքյանը, սական, ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: «Այդ հանրաքվեն ո՞վ է անում, որովհետև այդ հանրաքվեի ժամանակ եթե չեմ սխալվում 600.000-ից ավելի կողմ քվե է պետք: Եթե դա անի այս իշխանությունը, դա հղի է տապալման, այսինքն՝ լավ գաղափարը կարող է հանրաքվեով տապալվել, որովհետև այդքան կողմ անհնար է հավաքել, իսկ Հայաստանի Հանրապետությունում բոլորս գիտենք, որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են: Եթե ի սկզբանե ասում ենք՝ մի հատ լավ գաղափար կա, եկեք կեղծենք, ընդունենք, բայց փոխենք Սահմանադրությունը, դա ուրիշ հայտարարություն է, դա էլ պետք է հասկանանք: Սահմանադրական հանրաքվե Հայաստանում այս պայմաններում ես չեմ տեսնում ոնց կարող է ընդունվել: Ժողովուրդը դուրս գա գնա սահմանադրական հանրաքվեի, որ պառլամենտականը կիսանախագահական դարձնի, շատ դժվար պատմություն է»:

Մարուքյանը խոսեց նաև պատճառների մասին, որոնք, ըստ նրա, վարչապետին այս որոշմանն են հանգեցրել: «Ինքը կախվածության մեջ է ընկել խորդարանական պատգամավորներից, ուզում է այդ կախվածությունը կտրի: Այսինքն՝ այս մարդկանցից կախվածություն չունենա, որ մեկը չգնա ասի՝ հորեղբորս տղուն Կադաստրի պետ դիր, չանցնեմ հանկարծ «Լուսավոր»-ի կողմը, մյուսը չասի՝ ինձ կանդռաբանդայում գործ տուր, չանեմ էս բանը, ուզում է կտրվել այս կախվածությունից և ունենա առաջնային մանդատ»:

Մարուքյանը, սակայն, ասաց, որ Հայաստանում ոչ ոք չի «մարսել» Սահմանադրւթյունը փոխելը: «Սա շատ հետաքրքիր բան է, անեծք կա դրա հետ կապված, դրա համար ինչ-որ վախենալու բան մի տեսեք դրա մեջ, կիսանախագահականը վատ բան չի, որովհետև այս համակարգը մեծ արագությամբ իրան սպառեց»:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կիսանախագահական կառավարման անցնելու հնարավորության մասին: «Ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»: