Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:
Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Էրսոյը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հերթական անգամ կրկնել է թուրք-ադրբեջանական թեզերը «Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու մասին» ու ավելացրել, որ դա իրենց համար ամենամեծ սփոփանքն է Ադրբեջանի տված զոհերի հարցում:
«Առաջին իսկ հնարավորության դեպքում պատասխան այցով կլինեմ Ադրբեջանում: Կայցելեմ նաև Ղարաբաղ»,- ասել է Էրսոյը:
Վերջինս խոսել է մշակույթի, հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:
Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար: Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրոպագանդվում է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:
sputnik