«Նախագահ Էրդողանն ու իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրենց իշխանության գրեթե 20 տարիներն օգտագործեցին թուլացնելու իրավական համակարգը, ճնշելու ազատ խոսքն ու ազատ մամուլը՝ անարդարացիորեն դատելով քաղաքական ընդդիմախոսներին և փոքրամասնություններին։ 2016 թվականից ավելի քան 80 հազար քաղաքացիներ են դատվել, փակվել են 1500 հասարակական կառույցներ»,- այդ մասին նշված է Միացյալ Նահանգների 180 կոնգրեսականների ստորագրած նամակում:
Այն նախօրեին ուղարկվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Կոնգրեսականներն ամերիկյան արտաքին գերատեսչությանը կոչ են արել առաջնահերթ համարել Թուրքիայում ամերիկյան դեսպանատան ազգությամբ թուրք ձերբակալված երեք աշխատակիցների գործը: Օրենսդիրները շեշտել են, որ նրանց առաջադրվել են անհիմն մեղադրանքներ։
Կոնգրեսականները նաև հիշեցրել են, որ Թուրքիան 2017 թ. իր գործելաոճը բերել է նաև Միացյալ Նահանգներ, երբ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցին նրա թիկնազորը մայրաքաղաքի Շերիդան հրապարակում հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա։ Կոնգրեսական նախաձեռնության հեղինակներն են օրենսդիրներ Սեթ Մոլթոնը և Էնթոնի Գոնսալեսը։