Մենք ունենք անվտանգության խնդիրներ, որոնք պետք է օր առաջ լուծվեն: Քաղաքական դաշտը փոխանակ այս հարցերով զբաղվի՝ իշխանականները շարունակում են հների դեմ կռիվ տալ, արտախորհրդարանական ուժերը շարունակում են վիրավորանքներ հնչեցնել: Այսպես չի կարող շարունակվել։ Այս մասին«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ ընգծելով, որ օր առաջ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Անդրադառնալով Կապանում ադրբեջանցի զինվորների արված տեսանյութերին, պատգամավորը նկատեց, որ տեսանկարահանումը գաղտի է արված և տեսանկարահանման թույլտվություն չկա.
«Ադրբեջանցիները փորձել են թաքուն գործողություններ իրականացնել և ստացվել է: Բնավ ԱԱԾ աշխատանքը չի գոհացնում, նույնիսկ եթե տեսանկարահանումն արվել է եռակողմ այցի շրջանակներում, ակնհայտ է, որ պետք է լիներ համաձայնություն՝ ինչ է թույլատրվում, ինչը՝ ոչ: Ելնելով նրանից, որ նկարահանումը գաղտնիություն պահպանելով են փորձել անել, ենթադրում եմ, որ թույլատվություն չի եղել»,-ասաց Գորգիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն այսօր զբաղված է ընդդիմադիր գործիչներին հետևելով, ֆեյքեր բռնելով, ինչն էլ փաստում է, որ ԱԱԾ-ն ռեսուրսները սխալ ուղղությամբ է օգտագործում: