ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի վերաբերյալ մամուլի հրապարակումները:
Մարիան Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը երեկ, Կառավարության որոշմամբ, դադարեցվել է:
Մամուլում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էինք ճշտել՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչին առնչվող քրեական գործ կա՞, թե՞ ոչ: «Նման տվյալներ Դատախազությունը չունի, և նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկություններ, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին»,-պատասխանել էին դատախազությունից:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով նրա պաշտոնավարման դադարեցումը, նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցչի: Որոշման մասին ՄԱԿ-ի մշտական համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են: