“Greek Times”- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը». Էդմոն Մարուքյան

“Greek Times”- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը»։
Հոդվածում հղում է կատարվում Ալիևի՝ վերջին տնտեսական կոնֆերանսի ժամանակ հնչեցրած ելույթին` այն մասին, որ «նոր տրանսպորտային միջանցք պետք է անցնի Ադրբեջանի պատմական տարածք՝ Զանգեզուրի միջոցով, որը կապող օղակ է հանդիսանալու Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի միջև։
Greek Times-ը ներկայացնում է մի քանի փաստարկներ` հիմնավորելու համար կանխատեսվող պատերազմի մասին լուրերը, մասնավորապես՝ ՀՀ օդային սահմանին թուրքական 737AEW & C բոյինգի հայտնվելը CENAH01 կոդի ներքո (այս նույն կոդը օգտագործվել էր 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացում), Թուրքիայի կողմից ռազմական սադրանքների նախաձեռնումը Դոնբասում Ուկրաինայի, իսկ ՀՀ-ում Ադրբեջանի միջոցով՝ նպատակ ունենալով նշյալ տարածաշրջաններում հասնել Ռուսաստանի ազդեցության սահմանափակման։
«Greek Times»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պահեստազորայինների հավաքագրում, իսկ թուրք-ադրբեջանական զորքերն անցկացնում են զորավարժություններ ՀՀ սահմաններին։
Ուզում եմ տեղեկացնել, որ «Greek Times»-ն այսօրինակ կանխատեսումներ էր իրականացրել նաև 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ հայտնելով սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջան փոխադրելու մասին։
Սյունիքի մարզի անվտանգային խնդիրներին, դրանց հաղթահարմանը և/կամ չեզոքացմանն անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Հենց այս համատեքստում էի կարևորել ՌԴ-ի հետ բանակցությունների նախաձեռնումը՝ օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Առաջարկս արդիական է հատկապես հիմա, երբ տարբեր տեղական և միջազգային աղբյուրներից ստացվում են տեղեկություներ նոր պատերազմի սպառնալիքի մասին։
Ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմնահարցը չի կարող ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից անջատ դիտարկվել։ Այն ենթադրում է ՀՀ-ՌԴ դաշնակցային-ռազմավարական հարաբերությունների դուրսբերում որակապես նոր փուլ, որտեղ փոխվստահությունը կսահմանվի որպես կարևորագույն սկզբունք։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների «ռեաբիլիտացիան» չունի որևէ այլընտրանք։ Մենք կարիք ունենք լինելու իրատես. ներկայիս հումանիտար և ռազմաքաղաքական խնդիրների հաշվառման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն չի կարող դիմագրավել նոր պատերազմի սպառնալիքին։
Հետևաբար, այլևս վայրկյան առաջ մենք կարիք ունենք հանրային լայն կոնսոլիդացիայի` մեր երկրի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին դիմագրավելու համար։
Ես հորդորում եմ բոլոր կողմերին րոպե առաջ դուրս գալ «ատելության և թշնամանքի» այս արատավոր շղթայից, դրսևորել խոհեմություն և իմաստնություն, գործադրել հնարավոր և անհնարին բոլոր ջանքերը կանխատեսվող պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։
Այլապես, ըստ ձևավորված «ավանդույթի», այս անգամ սև ու սպիտակ պիտակավորումները վտանգելու են Հայաստանի Հանրապետության գոյությունը։