Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք:
Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով.
«Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի ունենար մի փոքր այլ միջավայրում և մթնոլորտում: Մենք բառիս բուն իմաստով միասին, նաև մեր պետությունը, մեր ժողովուրդն անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ և սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են և մատուցում են մեր երկրին, այդ թվում՝ այս դահլիճում ներկա բազմաթիվ այրեր:
Ուզում եմ արձանագրել, որ մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն և համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Ուզում եմ նաև արձանագրել հետևյալը. Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, սա նշանակում է, որ նաև մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի և իհարկե միասին ձևավորել Զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական, առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի և տեսանկյունների վրա, ովքեր Զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն:
Ուզում եմ այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Սրանք ընդամենը խոսքեր չեն, որովհետև հույս ունեմ՝ անընդհատ զգացել եք, որ կառավարությունը և անձամբ ես շատ բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ գործադրվել են հանուն մեր երկրի, այսօրվա և ապագայի:
Տեղյակ եք, որ այսօրվանից իրավունքի ուժով Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ցանկանում եմ պարոն Գասպարյանին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում:
Տեղյակ եք նաև, որ Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ: Պարոն Դավթյանը Գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-ից 2020 թվականներին և նա բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը և այս փորձության արդյունքում Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած:
Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել»:
Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
«Շնորհակալ եմ ուշադրության համար և Աստված մեզ օգնական, մեկս մյուսին օգնական, որպեսզի կարողանանք չկորցնել այն երազանքը, որը բոլորիս և մեզնից յուրաքանչյուրիս կոչել է ծառայության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: