Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը շրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները», — ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ քննարկվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը:
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերի շուրջ։