Հիշում եք, չէ՞ արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի դեմքն ու խորհրդանիշը դարձած, տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատերի սոցիալական օգտահաշիվներում հայտնված հայտնի լուսանկարի հերոսին` Ալբերտ Հովհաննիսյանին: Ալբերտի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հերոսի մանկության, վերջին զրույցի, նպատակների եւ հայտնի լուսանկարի պատմության մասին:
Միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին
— Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ մանուկ էր Ալբերտը:
— Ալբերտը շատ խելացի էր, երբեւէ թույլ չէր տալիս այնպիսի արարք, որի համար նկատողություն կստանար: Շատ զգուշավոր երեխա էր, նրբանկատ:
— Ի՞նչ նախասիրություններ ուներ մանուկ հասակում:
— Զբաղվում էր կարատեով, միշտ առաջին տեղերն էր գրավում: Ասում էր` ես պետք է ուժեղ տղա դառնամ, որ եթե բանակ գնամ, ու պատերազմ լինի, ֆիզիկապես թշնամուց ուժեղ լինեմ:
— Ի՞նչ նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին:
— Ալբերտս Սլավոնական համալսարանի ուսանող էր, ուզում էր շատ լավ տիրապետել ռուսերեն լեզվին: Անհամբեր սպասում էր բանակից վերադառնալուց հետո նորից ուսանող դառնալու կյանքին: Ուզում էր քաղաքագետ-իրավաբան դառնալ: Ասում էի` տղաս, ախր շատ դժվար բաժին ես ընտրել: Նա էլ, թե` պապ, ինձ համար հաճելի կլինի, երբ ես իմ մասնագիտությամբ մեր երկրին պիտանի լինեմ: Ինքը միշտ մտածել է երկրի համար պիտանի մարդ դառնալու մասին:
Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ
— Կհիշե՞ք Ալբերտի մանկությունից մի դրվագ, որն ամեն անգամ վերհիշելիս` ակամայից ժպտում եք:
— Մի անգամ մեր բակում հողերի հետ խաղալուց հետո մի կենդանի ձեռքը բռնած եկավ տուն: Ասաց. տեսեք ինչ եմ գտել: Մայրն էլ, թե հետ տար տեղը: Ալբերտս ասաց. «Մամա՛, ինքը ինձանից փոքր ա, մեղք ա»: Երբեք ոչ մի կենդանու չէր վնասում, նրա մոտ խիղճ ասածը մի քիչ այլ կերպ էր ընդգծված: Միշտ թույլի կողմն էր Ալբերտս:
— Ո՞ւմ հետ էր ավելի շատ կիսվում` հայրիկի՞, թե` մայրիկի:
— Փոքր ժամանակ` մայրիկի, բայց պատանի հասկում արդեն ինձ հետ: Մեր մեջ ավելի շատ եղել է ընկերական շփում, քան հայր ու որդու:
— Եղել եք նաեւ ընկերներ, ուրեմն հաստատ կիսված կլինի Ձեզ հետ` ունե՞ր սիրած աղջիկ:
— Անկեղծ ասած, այդ թեմայի շուրջ ընդհանրապես չենք խոսել: Ինքը միշտ մտածում էր սովորելու, աշխատելու, իրենը ստեղծելու մասին:
— Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ հիշեք Ալբերտին` Հայոց բանակ ճանապարհելու օրը:
— Հունվարի 13-ն էր, էսօրվա նման հիշում եմ: Ալբերտս ժպիտով գնաց Հայոց բանակ:
— Գո՞հ էր ծառայության ընթացքից, հաճա՞խ էր զանգում, խոսում:
— Դժգոհ չէր երբեք:
Երկու բառ ասաց` «Ալբերտն էլ մեզ հետ չի»
— Գանք չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին: Այդ օրը խոսե՞լ եք Ալբերտի հետ:
— Մինչեւ այդ` սեպտեմբերի 15-ին Ալբերտիս ծնունդն էր, գնացել էինք, զրուցեցինք: Վերջում բաժանվելիս ասացի. «Տղես, գիտես չէ՞, որ վերջին պատրոնը քոնն ա»: Ասաց. «Պապ, եթե պատերազմ լինի, մենք մեր սաղ հողերը հետ ենք բերելու: Իմ հրետանիով իջնելու եմ Բաքու»…
Պատերազմի օրերին կապ չկար առհասարակ, վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 28-ին: Այդ օրը զանգեց անծանոթ համարից, մի երկու բառ խոսեց, ասեց` հոգնած եմ պապ, վաղը կզանգեմ: Անգամ չհասցրի ասել, որ իր լուսանկարը լայն տարածում է ստացել, ինքը այդ մասին ոչինչ չիմացավ:
— Պարոն Հովհաննիսյան, ասում են, որ բանակը մեր երիտասարդներին կոփում է: Ի՞նչ փոփոխություններ նկատեցիք Ալբերտի մեջ այդ ամիսների ընթացքում:
— Բավականին շատ էր հասունացել տղաս:
— Ո՞ւմից իմացաք Ալբերտի զոհվելու մասին բոթը:
— Սեպտեմբերի 30-ն էր, ցերեկվա 12:30-ը: Ամառանոցում էի, մայրիկիս հետ պետք է գնայինք հիվանդանոց. հայրիկս վատառողջ էր: Զանգ եկավ, ասացին Ալբերտի եղբա՞յրն է: Պատասխանեցի` չէ, իրա պապան է: Հեռախոսն անջատեցին: Փորձեցի ինքս զանգել, վերցրեց, երկու բառ ասաց. «Ալբերտն էլ մեզ հետ չի»…
Ութ-ինը օրը փնտրեցինք Ալբերտիս մարմինը, մինչեւ գտանք:
Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել
— Վստահ եմ` խոսել եք մեր հերոսի ընկերների հետ: Ի՞նչ պայմաններում է զոհվել Ալբերտը:
— Անկեղծ ասած, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն: Շատ էր շրջանառվում որդուս լուսանկարը, անունը, իսկ Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել: Բացի այդ, հստակ հարվածել է թշնամու ռազմատեխնիկայի եւ լուրջ կայանների վրա, անգամ մենք զարմանում էինք, թե ինչպես կարելի է հրետանիով նման գործ անել: Որդուս վիրավորումը եղել է գլխի եւ որովայնի շրջանում: Չգիտեմ, միգուցե եթե ունենար այդ չարաբաստիկ բրոնեժիլետը, գուցե փրկվեր Ալբերտը, չգիտեմ…
Ալբերտի վիրավորման մասին ոչ ոք հստակ բան չի պատմում, որովհետեւ չեն կարողանում խոսել: Նրա հետի զինվորը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ, մինչ օրս էլ հենց Ալբերտի մասին բան ենք հարցնում, այլայլվում է:
— Կուզենամ անդրադառնաք նաեւ Ալբերտի հայտնի լուսանկարի պատմությանը:
— Ուշ երեկոյան նստած` հեռուստացույց էի դիտում, պատահական տեսա Ալբերտին: Ձայն տվեցի կնոջս, ասացի` արի-արի, Ալբերտն է: Ասաց` լո՞ւրջ: Ասացի` էդքան էրեխու մեջ գնացին Ալբերտի՞ն նկարեցին: Հետո անընդհատ էդ կադրերը ցույց էին տալիս, ապա մեզ տեղեկացրին, որ Ալբերտն է իսկապես: Հա՛մ հպարտություն էի ապրում, հա՛մ էլ վախ կար մի տեսակ մեջս: Հետո մտածեցի, որ եթե նկարել են, ուրեմն հանգիստ տեղ է, բայց ավաղ պարզվեց, որ դա ամենածանր տեղն է եղել:
— Ասում են` ծնողները ներքուստ զգում են իրենց երեխային: Մեր հերոսի անմահանալու օրը ինչ-որ հատուկ զգացողություն ունեցե՞լ եք:
— Ալբերտի մայրը Ալբերտի զոհվելու օրը` սեպտեմբերի 29-ին` նույն ժամին գտնվել է եկեղեցում` մոմ վառելիս: Ասում է, երբ մոմ էի վառում, ակամայից արցունքներս հոսեցին… մայրական զգացում էր երեւի: Ինքս այնքան լարված էի այդ օրերին, որ չէի էլ պատկերացնի, որ նման բան կարող է պատահել:
Հ.Գ. Մեր հերոսի հայրիկի` Արտակ Հովհաննիսյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ