Human Rights Watch-ի նոր անդրադարձը Ադրբեջանում պահվող գերիների թեմային

 Հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շատ շրջաններում վերահսկողություն հաստատելուց հետո ադրբեջանական զինված ուժերը շրջապատել են քաղաքացիական անձանց: Բազմաթիվ երիտասարդներ կարողացել են դուրս գալ շրջափակումից: Մնացել են հիմնականում տարեցները, որոնք չեն ցանկացել լքել իրենց տները:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վավերագրել է բազմաթիվ դեպքեր, որոնց համաձայն ադրբեջանցի զինվորականները գերեվարել են քաղաքացիներին, կտտանքների ենթարկել նրանց և պահել անմարդկային պայմաններում: Կազմակերպությունն անդրադարձել է գերեվարման ժամանակ երկու քաղաքացու սպանության դեպքին: Վկայություններ կան, որ նրանք ամենայն հավանականությամբ առանց դատավճռի մահապատժի են ենթարկվել: Ադրբեջանի զինված ուժերը քաղաքացիներին գերեվարել են նույնիսկ այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիքի որևէ ապացույց չկա՝ նրանք զինված չեն եղել և չեն մասնակցել ռազմական գործողություններին:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած դեպքերը հիմնված են գերությունից ազատ արձակվածների, նրանց ընտանիքների անդամների հետ հարցազրույցների, լուսանկարների, տեսագրությունների և բժշկական փաստաթղթերի վրա:

Փետրվարի վերջին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը դատարանին խնդրել էր միջամտել Ադրբեջանում պահվող 240 ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով: Մոտ 90 տոկոս դեպքերն ապացուցող լուսանկարներ կամ տեսագրություններ կան, որ այդ մարդիկ գտնվում են ադրբեջանական կալանավայրերում: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ հրադադարից ավելի քան երեք ամիս անց ադրբեջանական կողմը Հայաստանին ընդհանուր առմամբ վերադարձրել է 69 ռազմագերիների և քաղաքացիական անձանց:

Հիշատակելով մի շարք միջազգային օրենքներն ու կոնվենցիաները՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է առանց հետաձգելու հետաքննություն անցկացնեն քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, առանց դատավճռի մահապատիժ իրականացնելու գործով՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն ու հայրենիք վերադարձնեն կալանավայրերում պահվող քաղաքացիական բոլոր անձանց:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am