ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը
Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։
Տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին, և չեն կարող այլ իրավունքներ ու պարտավորություններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։ Հետևապես պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ։ Իսկ, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչվող մասով նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները, նույնպես միջազգային իրավունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկվայի պայմանագրի դրույթներից։ Կարևոր է նկատել, որ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը։
Ներկայումս Հարավային Կովկասում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական հարաբերություններում առկա հակասությունները, տարածքային վեճերն ու էթնիկ հակամարտությունները, ակնհայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, ի զորու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն և անվտանգ համակեցություն։
Այդ պայմանագիրն իր ընդգծված հակահայկականությամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականությանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծվեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան և օկուպացվեց վերջինիս տարածքի մեծ մասը։ Դրանից հետո էլ, ադրբեջանաթուրքական տանդեմը անթաքույց հավակնություններ է դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տվել մարտավարական դադար առնել և պատեհ պահին, վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածվելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի։
ՀՅ Դաշնակցության Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում և հարակից տարածքներում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը միջազգային գործուն երաշխիքներով և բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաև արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։
Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը:
Այս ընթացքում ՀՅ Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները խնդրո առարկա հարցերով իրականացնելու են քաղաքական-հարաբերական աշխատանքներ։ Մասնավորապես՝ սույն հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կողմից հասցեագրվելու է միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅ Դաշնակցությունը անդամակցում է, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններին։
Նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության՝ լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։ Կարևոր ենք համարում հիշեցնել, որ ո՛չ Մոսկվայի և ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։
Համոզված ենք՝ մեր ժողովրդի համախմբած աշխատանքով, ուժեղ Հայաստանով և համերաշխ հասարակությամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքներին և վերականգնել համազգային արժանապատվությունը։
ՀՅԴ Բյուրո